пятница, 31 мая 2013 г.

1 ՓՈւՉԻԿ` 1 ԵՐԵԽԱՅԻՆ


Վերջապես կարող ենք բարձր ասել. ԿԱՅԱՑԱՎ: 

“ՄԵՆՔ” Լրագրողական Ակումբը, չդավաճանելով իր սկզբունքներին, 2013թ. մայիսի 26–ին արդեն երրորդ անգամ սպիտակ և կապույտ գույներով լցրեց Երևանի կենտրոնում գտնվող Շառլ Ազնավուրի անվ. հրապարակը: Մեկնարկեց հունիսի 1–ին ընդառաջ ամենամյա “Փուչիկներով Բարեգործական Ակցիան”:
Որպես նախաբան` անպայման կուզեի նշել շատ կարևոր մի փաստ. օդերևութաբանների կանխատեսումները չիրականացան: Ակումբի անդամների աղոթքները տեղ հասան, և խոստացված անձրևի ու ամպրոպի փոխարեն Երևանի երկնքում ողջ օրվա ընթացքում վառ արև էր:

Այս տարվա ակցիան առանձնացավ մեծ թվով կամավորների մասնակցությամբ: “ՄԵՆՔ”-ին օգնելու էին եկել Երգի Պետական Թատրոնի ստուդիայի սաներն, ինչպես նաև այլ ԲՈւՀ-երի ուսանողներ և պարզապես ակտիվ երիտասարդներ:

Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ակցիան ուղեկցվեց հայրենասիրական և մանկական ուրախ երգերով, պարերով, ֆլեշ-մոբով, խաղերով: Հատկանշական է, որ այս տարի մեզ էին միացել նաև սկսնակ և պրոֆեսիոնալ արտիստներ. “Հրաշք Մեղեդի” մանկական երգչախմբի հրաշք փոքրիկները`(գեղ. ղեկ.` Ներսես Մարգարյան), “Maga Dance” պարային համույթը, Մանկական Եվրատեսիլի նախընտրական փուլի մասնակից Պետրոս Ղազարյանը, ինչպես նաև Արման Կարապետյանը, Գառնիկ Բեգլարյանը, Մարի Անտոնյանը (“Խենթեր” պարային համույթ) և Աստղիկ Խաչատրյանը: 
Ուրախալի էր նաև այն, որ ակցիայի ընթացքում ցուցադրվեցին Արցախից ժամանած նկարներ, որոնք ջանասիրաբար նկարել էին Քաշաթաղի շրջ.-ի Գետափ գյուղի դպրոցի սաները (հիշեցնենք, որ անցյալ տարվա ակցիայի ողջ հասույթն ուղղվեց հենց այդ դպրոցում կերպարվեստի դասարանի բացմանը): 

Երևանի բնակիչների, պատահական անցորդների և երկրի հյուրերի մեծ ու փոքր ներդրումների շնորհիվ հավաքվեց 200.000 դրամ, որը հիմք կհանդիսանա ԼՂՀ Քաշաթաղի շրջ.-ի սահմանամերձ Միջնավան քաղաքի դպրոցում կերպարվեստի դասարանի բացման համար: Իսկ հաջորդ տարի մենք սիրով կսպասենք այդ դպրոցի աշակերտների աշխատանքներին:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել “ՄԵՆՔ” Լր. Ակումբի բոլոր անդամներին հրաշալի կատարված աշխատանքի համար, Երևանի Քաղաքապետարանին` ի դեմս Կազամակերպական Վարչության պետ Գ. Բաղդասարյանի, “Մոսկվա” կինոթատրոնի տնօրինությանը և աշխատակիցներին, մեզ միացած բոլոր երիտասարդ կամավորներին, վերը նշված բոլոր արտիստներին, Արփինե Գյուրջինյանին, “Օվացիա” ընկերության աշխատակիցներին` երաժշտական տեխնիկայի ապահովման համար, և իհարկե, բարեգործություն արած բոլոր անցորդներին:


Շնորհակալ ենք և Շնորհավոր
“ՄԵՆՔ” Լրագրողական ակումբի նախագահ` Մարգարիտա Շարիմանյան

Շատ եմ լսել, որ բողոքում են "Շտապ Օգնության" ծառայությունից, սակայն ինքս երբեք չէի առնչվել (ու էնպես չի, որ որևէ մեկին մաղթում եմ առնչվել:))) Բայց այսօր ուղղակի ուզում եմ ՄԵԾ ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ ՀԱՅՏՆԵԼ ծառայության աշխատակիցներին, բուժաշխատողներին` պրոֆեսիոնալ աշխատանքի համար (չհաշված մի փոքրիկ թերություն, որին չեմ էլ ուզում անդրադառնալ :): Նախ գիշերվա 2-ի կողմերը շատ արագ ժամանեցին. շատ արագ կողմնորոշվեցին... ուրախ-զվարթ-ժիր-հումորով 15 րոպեներ անցկացրինք (չնայած վատ վիճակիս) ... Իսկ այսօր բուժող բժիշկս ասաց, որ շատ պրոֆեսիոնալ ու ճիշտ խորհուրդներ են տվել:
Ասածս ինչա... Մի քիչ թերի աշխատանքի դեպքում փնովում ենք, ազգով հարձակվում ենք: Իսկ լավ աշխատանքի դեպքում նույնիսկ մոռանում ենք սովորական մարդկային շնորհակալություն ասել ու գովել մարդկանց:

Մի խոսքով` ՇՆՈՐՀԱԿԱԼՈւԹՅՈւՆ... 

P.S. մյուս անգամ էլ առանց կանչի, ուղղակի եկեք սուրճ կհյուրասիրեմ.... :)))